ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Բանաստեղծ, ասել է թե` լավ մարդ (Համո ՍԱՀՅԱՆ)

Բանաստեղծ, ասել է թե` լավ մարդ (Համո ՍԱՀՅԱՆ)
18.04.2014 | 13:28

Հարություն

ՀՈՎՆԱԹԱՆ

Մենք մեր մեջ ու մեր կողքին տեսանք մի մարդու, որին կարող էինք հարցնել` ինչպե՞ս եք, ասել նաև` գնանք մի խաղաղ տեղ, քաղաքից դուրս: Գալու էր, որովհետև խաղաղասեր մարդ էր, աղմուկ-աղաղակից հեռու: Աշխարհ եկավ և աշխարհով անցավ կարծես աննկատ, կարծես անշուք, անցավ իր կոչման գիտակցությամբ, աչքը` կուշտ, ականջը` պահած ձայնի: Գանձեր չդիզեց երկրի վրա, իր իսկ բառերով ասած, մի կարգին տուն և մի կարգին քուն էլ չունեցավ: Բան չուզեց ու բան չտարավ, սակայն տվեց` այն էլ ձրի, աստվածային իր էությունը` Համո Սահյան անվամբ: Լուռ մնաց, Թումանյանի ասած, վատը լավ տեսավ, շատ դառը բաներ կուլ տվեց, տառապանքի սրբությամբ զորացավ և այդ կերպ ու այդպիսով ջանաց սերունդներին հանձնել մտքի ու մտածողության, բանի ու բանականության, հոգու և սրտի մաքրամաքուրը` որպես հավիտենական ժառանգություն: Այս ժառանգությունն էլ որ կա, նրան սերնդեսերունդ փոխանցել-հանձնել էին իր նախնիք, հավատի հսկաներ Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին, Սայաթ-Նովան, Աբովյանը, Կոմիտասը, Ջիվանին, Թումանյանը, Տերյանը: Ձորերի մեջ էլ նա մեր քերթության գագաթների հետ էր: Գրեց էլ. «Լեռան գագաթին օրն ուշ է մթնում»: Չէր հորինում, լուրերով չէր առաջնորդվում. մինչև չիջներ ձորի հատակը, ձորից չէր խոսի և մինչև չբարձրանար լեռան գագաթը, լեռան գագաթից չէր խոսի: Տեսնելով, լսելով, շոշափելով էր նրա հաճույքի վսեմը: Երկրի վրա պինդ կանգնած էր, որովհետև ազգին ու մարդկությանը ծառայելիս աչքն ու ականջը դեպի մեծերն էին, դեպի երկնավորները:
Ինչպես ամեն մարդու կյանք, այնպես էլ Համո Սահյանինը, ճանապարհ էր, որ անցավ անխաթար բնությամբ, առանց շեղումների, առանց աջ ու ձախ նայելու, անցավ ուղիղ` սրբությամբ կատարելով այն գործ-առաքելությունը, որի համար հայտնվել էր այստեղ` Հայաստան աշխարհում: Թեև շարունակ մնում էր իր երկրում, իր ժողովրդի մեջ, իր տանը, բայց շարունակ կարոտում էր. «Մեր տան պատից մի քար լիներ` նստեի վրան»: Ինչպես, ասենք, վիրավոր եղնիկը վազում է դեպի ջուրը, այդպես նա կապված էր իր ակունք-արմատին: Տեսնող աչք ու լսող ականջ ունեցողի համար դժվար չէ նկատելը, որ Համո Սահյան զավակի շուրթերով խոսողը և նրան խոսեցնողը հայ ժողովուրդն է, ժողովուրդ աշխարհասփյուռը:
Լքված տունը, անշուշտ, միշտ էլ բաց վերք է եղել հայ ժողովրդի համար: Այդ վերքը բաց է այսօր էլ: Այնպես որ, սոսկ կարոտի արտահայտություն չէ, բանաստեղծը զգում է ազգի սրտի բաբախը, ձայնը լսում է և արձագանքում.
Մեր տան պատից մի քար
լիներ նստեի վրան
ՈՒ պատմեի անտուն
կյանքիս հեքիաթը նրան:
Այս տողերի հեղինակն ասես կանգնած լինի կյանքի ու մահվան, լույսի ու խավարի, օրհնության ու անեծքի, փրկության ու կորստյան խաչմերուկներում: Մի կողմում աշխարհականն է` մահաբեր գայթակղություններով, մյուսում կյանք-աստվածայինն է` կենդանությամբ լի: Բանաստեղծը պարզ տեսնում է ժամանակավորն ու հավիտենականը: Այս նույն տեղում, միևնույն զգացումով, իրենից առաջ, կանգնել են ազգի ընտրյալները: Ի դեպ, հայ գրականությունը թե որ մեկ բառով բնութագրենք, այդ բառը տունդարձն է լինելու: Վկայակոչեմ. «Ես լսեցի մի անուշ ձայն իմ ծերացած մոր մոտ էր»: Ազգը, խնդրեմ, խոսում է զավակի շուրթերով: Սմբատ Շահազիզի երազը ազգինն է, ազգի սրտից է բխում: «Սիրտըս նման է էն փըլած տներ»: Այս սիրտը Կոմիտասի՞նն է, թե՞ ազգինը: Իհարկե, երկուսինն էլ: Մի են: Ջիվանին հառաչում է. «Ա՛խ, իմ հայրենիքիս ջուրը»: Տիեզերքում աստվածային ճամփորդ դարձած Թումանյան հոգին հայտնում է. «Կանչում է կրկին, կանչում անդադար /Էն չքնաղ երկրի կարոտը անքուն/ ՈՒ թևերն ահա փռած տիրաբար/ Թռչում է հոգիս, թռչում դեպի տուն»: «Անուշ»-ի մեջ էլ է ժողովրդական նույն կանչը. «Անուշ, հե՛յ Անուշ, Անուշ, տուն արի»: Տերյանի հառաչանքը նույնը չէ՞. «Կարծես թե դարձել եմ ես տուն», «Ինձ մեր սարերը տարեք, ինձ տարեք տուն», «Մեր տունը որբ ու ավեր է»: Երեկ չէ՞ր, որ ժողովրդի շուրթին երգ դարձավ Երևանի փողոցներով հանդարտ անցնող Գեղամ Սարյանի բաղձանքը. «Թռչեի մտքով տուն»: Այսպես կարելի է շարունակել անվերջ: Տունը, որ խորհրդանիշն է հայրենիքի, ընդմիշտ կանչելու է: Համո Սահյանն ինքն էլ էր ասում. «Տուն և այդ տանը ապրող երեխա,- ահա թե ինչ է հայրենիքը»: Ինչպե՞ս չգիտակցել, որ այսօրվա լքված ու լքվող տները որբացող հայրենիք են պատկերում: Ահա այս և նման իրողությունները տեսնելիս բանաստեղծը տագնապելու էր. «Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են»: Այնուհետև, իր սիրած սարերին նայելով, վեհանալով, հանգամանքներից վեր կանգնելով, քաջալերելու էր ինքն իրեն ու մեզ. «Հայաստան ասելիս թևերս բացվում են»: Բացվող թևերը, անշուշտ, թռիչքի պատրաստվելու, դեպի վեր բարձրանալու նշան են:
Վերը հիշատակածս մեծերը` լինելով աստվածատուր մարդիկ, Աստծո մարդիկ, իրենց շնորհը ծառայեցնում էին սուրբ նպատակի: Համո Սահյանը, գտնվելով այդ երամի մեջ, տեսնում է մարդու անկատարությունը, մարդու մեջ ի սկզբանե դրված աստվածայինի կորուստը նրան հանգիստ չի տալիս: Մեր թափառումների օրերից մեկում, Հանրապետության վերանվանված հրապարակում, նայելով շուրջը, տեսնելով մրջնի նման շարժվող մարդկանց, խոր ափսոսանք ապրեց. «Տե՜ս, Հարություն, այսքան մարդ և ոչ մի մարդ»: Հետո, ժամանակ անց, հասկացա, որ Սահյանի փնտրածը Աստծո մարդն էր: Եվ հիմա ճշմարտության առաջ մեղանչած չեմ լինի, եթե ասեմ, որ Համո Սահյանի մտածողությունը, հոգևոր դասին պատկանող մեր բոլոր մեծերի նման, աստվածաշնչյան է: Աստվածաշնչյան լինելու առաջին վկայությունը հայոց լեզուն և հայոց բառը զգալ և ճանաչելն է: Բնությունը զգալը նույնպես Աստծուն և աստվածայինը ճանաչելու խորհուրդն ունի: Հենց այնպես չէր ասում. «Մասրենին ես եմ»: Գիտեր և ասում էր. «Քարը հայի բնավորությունն է»: Ոչ թե մտածում, այլ այդպես զգում էր:
Համո Սահյան բանաստեղծն ու հայոց բնությունը, անկասկած, միասնական են, մի են: Բնությունն իր մեջ է, ինքը` բնության: Աստծո խոսք բնությունը նրա համար սրբություն է: Այդ ամենը նա տեսնում է հոգևոր (ինչու չէ, նաև` մարմնական) կապի մեջ, ամենայնը ներդաշն է տեսնում: Ներդաշն է տեսնում երկինքն ու երկիրը, իր տեսածը նյութականացնում էլ է. «Հիմի էս ծառը շատ ավելի երկի՞նք է, թե՞ երկիր»: Ինքն էլ ծառի նման էր. Թումանյանին բնորոշող Չարենցի բառերով ասած, արմատներ ուներ նա հողում:
Դրսի Համո Սահյանը, մարմնավորը, տեսանելին, փակ էր, լռակյաց, մինչդեռ ներսի մարդ բանաստեղծը, աներևույթը, շարունակ կռվի մեջ էր, կռիվ, որ աշխարհի հետ էր: Խոսքը տամ իրեն, որպեսզի ավելի պարզ դառնա ասելիքը. «Մարդ պիտի դադարի անել այն, ինչ արել է մինչև այժմ, և պիտի անի այն, ինչի համար նրան կոչել է տիեզերքը»: Այս խոսքը, որ նա բանավոր ասել է, և ես գրել եմ, մի՞թե չունի մարդու վերստին ծնունդ ստանալու խորհուրդը: Իհարկե ունի: Ինչ ասել կուզե, Սահյանի ուզածը հոգևոր մարդն է, հոգուց ծնված մարդը, հավիտենական կյանքի կոչվածը: Իր կյանքն էլ հոգևոր էր, հոգու կյանք, աշխատանքն էլ հոգու աշխատանք էր: Կարծես մարմին էլ չուներ:
Խուսափում էր խոսելուց, խուսափում էր նաև նրանցից, ովքեր հարցեր տալու և խոսեցնելու էին: Միայն ինքը գիտեր իր լռության խորհուրդը, միայն ինքը գիտեր, որ մինչև խոսքը չգա, չհասունանա, չի խոսելու: Ծառի բողբոջն էլ այդպես է. պահը պիտի գա, որպեսզի բացվի և պտղավորվի: Այնպես որ, Համո Սահյանին խոսեցնողը խոսքն էր, տիեզերքից հնչող խոսքը, պիտի գար, լցվեր, որպեսզի բացվեր ինքը: Հարկավ, նրա լռությունն էլ խորհրդավոր խոսք էր, որ ստեղծում էր հոգևոր մթնոլորտ:
Ահա այս պահին էլ, աշխարհ գալու հարյուր տարին լրանալու պահին, մարմնավոր Համո Սահյան մարդը լուռ է, լռությամբ մեզ լսում, լռությամբ խոսում ու խոսեցնում է: Ինչ էլ լինի, ինչպես էլ լինի, մենք տեսնում ենք փակ մարդու բացվելը: Այդպես եղել է, այդպես լինելու է, քանի որ բերել է ու բերելու է հավիտենական կյանքի խոսքը. «Աստվածս ցորենին ասեմ»: Ցորենն ի՞նչ է, եթե ոչ հաց, հաց, որ Քրիստոսը վերցրեց, կտրեց և աշակերտներին ասաց. «Ա՛յս է մարմինս, առե՛ք, կերե՛ք»: Գալով Համո Սահյանի պարագային, նրա բանաստեղծությունը մեզ համար հաց է, հոգին սնող հաց: Պիտի հավատալ աստվածաշունչ խոսքին. «Եվ բանը մարմին եղավ և ապրեց մեր մեջ»: Ահավասիկ, բանաստեղծի բանաստեղծական, նույնն է թե ասեի` աստվածային, խոսքն էլ մեր մեջ մարմին դառած է: Մենք, ուրեմն, շարունակում ենք հաղորդակցվել թե՛ մարմնավոր, թե՛ հոգևոր Համո Սահյանին: Հաստատ, հիշողության դաշտում չէ նա, մեր սրտի մեջ է, մեր սրտի բաբախին ձուլված: Նրան տեսնելու համար ոչ թե հետ, այլ առաջ պիտի նայել, առաջ պիտի գնալ: Քանի որ մեծ է, առջևում է: Վեր կենանք, ուրեմն, գնանք հանդիպելու և հետը զրուցելու:

Դիտվել է՝ 3602

Մեկնաբանություններ